Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ ու ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, սեպտեմերի 9-13-ը տեղի կունենա Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության երկրորդ փառատոնը, որի ընթացքում կհնչեն թվով 26 հեղինակների ստեղծագործություններ: Փառատոնի երեք համերգները կկայանան Կոմպոզիտորների միության դահլիճում (ք. Երևան, Դեմիրճյան 25), սկիզբը՝ 19:00-ին:
Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանի խոսքով, երիտասարդներին պետք է միշտ ընձեռնել հնարավորություն դրսևորվելու և ցուցադրելու իրենց ողջ կարողությունները. – Սա մի հիանալի առիթ է ևս մեկ անգամ համախմվելու միասնական երաժշտական տանիքի տակ, ինչն իր հերթին երիտասարդ կոմպոզիտորների համար ճանապարհ կհարթի ամրապնդելու կապը միմյանց, ինչպես նաև երաժշտասեր հանրության հետ:
Արդեն բարի ավանդույթ դարձած համահայկական երիտասարդական փառատոնն այս տարի կառանձնանա նաև նրանով, որ համերգային օրերի ընթացքում կկատարվեն հայ կոմպոզիտորների՝ տարբեր հեղինակավոր մրցույթներում հաղթած ստեղծագործությունները: Հավելենք միայն, որ համերգների մուտքն ազատ է: